Posted in Դիպլոմային աշխատանք

Համբարձման կամ Ջանգյուլումի տոն «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրում

Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:

download.jpg images.jpg

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով:

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

Պատրաստվում էին հարյուրավոր ծաղկեփնջեր: Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը` Ծաղկամերը, որը դրվում էր պուլիկի մեջ: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդն հավատացած է, որ այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:

Ակադեմիկոս Ղափանցյանը Համբարձումը կապում է Արայի պաշտամունքի հետ: Հայաստանում Համբարձման օրը շատերը գնում են Ծաղկավանք: (Ծաղկավանքը Քասախ գետի ափին գտնվող Արայի սարի քարանձավում է):

Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում են երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:

Այդ օրը երիտասարդ օրիորդները և պատանիները դեռ արևածագից առաջ բարձրանում են լեռ, հավաքում յոթ տեսակի ծաղիկներ, յոթ քարեր գետից և ջուր յոթ առվակներից։ Այս ամբողջ գործողությունը  ուղեկցվում է ժողովրդական երգերով և պարերով։

Դրանից հետո օրիորդները, վայր իջնելով լեռից, դնում են իրենց հավաքած իրերը կավե կամ պղնձե անոթի՝ վիճակի փարչի մեջ, որը գիշերը դրվում է տան կտուրին` լուսնի լույսի տակ, ինչը խորհրդանշում է տիեզերքի հետ կապը։ Առավոտյան ամուսնացած կանայք իջեցնում են փարչը և բաշխում են դրա պարունակությունը տանը, օրինակ` բույսերը տալիս են կենդանիներին, իսկ ջուրն օգտագործում են խմորհունցի համար:

Վիճակի մասնակիցները հույսով սպասում էին, ու եթե վիճակի խաղիկով բարի բախտ էր գուշակվում,ապա անպայմանորեն հավատում էին, որ ցանկությունը, իղձը կկատարվեր: Մութն ընկնելուն պես աղջիկները խոտերի մեջ թաքցնում էին վիճակի փարչը և շուրջ բոլորը զարդարում ծաղիկներով: Գիշերը փարչը պիտի մնար բաց երկնքի`աստղունքի տակ, որպեսզի ենթարկվեր կախարդական գիշերվա խորհրդավոր ուժերի զորավոր հմայքին: Վիճակահանությունը ավարտվում էր փարչում մնացած ջուրը արտերում շաղ տալով: Ծաղկեփնջերը դնում էին ամբարի մեջ, որ հացն անպակաս լինի, կամ կերցնում էին կաթնատու կովերին ու լծկան եզներին, իսկ ընտանիքի անդամների թվով փոքրիկ իր էին գցում վիճակի փարչը` իրենց բախտը գուշակելու նշան:

Տոնի կարևոր պահերից էր չորեքշաբթի լույս հինգշաբթիի գիշերը: Այդ գիշեր մի պահ կանգ է առնում տիեզերքի անիվը:

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր

Կա հրաշալի, երջանիկ վայրկյան.

Բացվում են ոսկի երկընքի դռներ,

Ներքև պապանձում, լռում ամեն բան,

Ու աստվածային անհաս խորհրդով

Լցվում բովանդակ նրա սուրբ գթով:

Բուն Համբարձման գիշերը զարմանահրաշ գուշակությունների, կախարդանքների գիշերն է: Ըստ ժողովրդական պատկերացումների` դա հրաշքների գիշեր է. կեսգիշերին բնությունը լեզու է առնում: Հինգշաբթի գիշերը ջրերը մեկ րոպե կանգ են առնում, երկինքն ու երկիրը համբուրվում են, քարերը, ծառերն ու ծաղիկները լեզու են առնում, միմյանց հետ խոսում, գաղտնիքներ հաղորդում: Այդ գիշեր նրանք ասում են, թե իրենք որ հիվանդություններն են բուժում: Գիշերվա ընթացքում, ըստ պատկերացումների, բուժիչ ցող է իջնում խոտերի վրա, որը առավոտյան օգտագործում էին` հիվանդությունից զերծ մնալու համար: Ողջ բուսականությունն այդ գիշեր ձեռք է բերում առատության հատկություն.ծառերը, ծաղիկներն ու խոտը սովորականից արագ են աճում: Աղջիկները թիզով չափում են խոտաբույսերը և թելով կապում. եթե գիշերվա ընթացքում դրանք երկար լինեն, ուրեմն իրենց կյանքն էլ տևական կլինի, կամ իրենց միտք դրած խորհուրդը կկատարվի: Կանայք վաղ առավոտյան, հիվանդություններից ազատվելու նպատակով գետում գաղտնի լոգանք են ընդունում: Այդ օրը կանայք ոչ մի գործ չեն անում, որպեսզի երեխաները ծաղիկ կամ կարմրուկ հիվանդությամբ չհիվանդանան:

Համբարձման ծիսակատարության օրինակ

Համբարձման ծեսն ունի երեք հիմնական գործողությունծաղկահավաքգովքվիճակ:

Ծիսական գործողություն «Ծաղկահավաք»

Չորեքշաբթի ծաղկահավաքի օրն է, կարելի է կատարել դաշտում, ինչպես նաև նախակրթարանի բակում, որտեղ կան ծաղիկներ: Քանի որ ծաղիկները տարածվում են սերմերի, ինչպես նաև արմատների միջոցով, սաները պետք է իմանան, որ արմատով չի կարելի պոկել, յուրաքանչյուրը հավաքելու է ընդամենը հինգ ծաղիկ: Վիճակի սափորի մեջ գցում են 7 տարբեր տեսակի ծաղիկներ, 7 քար, 7 տարբեր ծառերից մեկական տերև, 7 բուռ ջուր: Ջուրը հավաքում են՝ ա. նախակրթարանի խմբերի ջրի ծորակներից, բ. շրջակայքում գտնվող ցայտաղբյուրներից, գ. եթե հնարավոր է, կարելի է մտնել մոտակա շենքի 7 բնակարան և յուրաքանչյուր տնից խնդրել մեկ բուռ ջուր: Հավաքած ծաղիկներով պատրաստում են փոքր փնջեր և ծաղկեպսակ: Սափորը, ծաղկեփնջերն ու ծաղկեպսակը կարելի է թողնել նախակրթարանի ներքին բակում: Համբարձման չորեքշաբթի, լույս հինգշաբթի գիշերը համարվում էր խորհրդավոր ու զարմանալի գուշակությունների, հրաշալիքների ու կախարդանքների գիշեր: Գիշերը փարչն անպայման պիտի մնար դրսում, բաց երկնքի տակ` «աստղունք», Համբարձման հրաշալի, կախարդական գիշերվա զորավոր հմայքին ենթարկվելու և առավոտյան ցողով օծվելու համար:

Ծաղկամայր

Պատրաստում են Ծաղկամոր տիկնիկը, զարդարում ծաղկեպսակով, վզին գցում սաների նախօրոք պատրաստած ուլունքները: Կարելի է սաներից մեկին դարձնել Ծաղկամոր կերպար՝ զարդարելով նախօրոք պատրաստած  ծաղկեպսակով, ծաղկեգոտիով, ծաղկեվզնոցով, ուլունքներով, ծաղկե թևկապով և այլն:

Կաթնապուր

Հաջորդ օրը դպրոցի խոհանոցում վաղ առավոտյան եփում են կաթնապուր: Եթե հնարավոր է, բոլորին այդ օրը բաժանում են կաթնապուր, եթե ոչ՝ հյուրասիրում են սահմանափակ քանակությամբ երեխաների և մեծերի: Ավարտելով հյուրասիրությունը, պատրաստվում են «Գովքի» ծիսական գործողությանը:

Համբարձման  ծիսական գործողություն՝ «Գովք»

Համբարձման օրը, առավոտյան պատարագից  հետո, աղջիկների խումբը, «Ծաղկամոր» տիկնիկը ձեռքերին, մտնում էր բակերը, երգելով բարեմաղթություններ հղում տանտերերին, նրանց  ծաղկեփունջ ու փարչի «աստղունք» դրած ջուր նվիրում` փոխարենը ձու, կարագ, կաթ, պանիր ստանում: Տղաներն էլ, նույն նպատակով, «փնջում» էին եզը կամ կովը (զարդարում էին ծաղիկներով) և նույնպես  պտտվում  տնետուն:

Նախակրթարանում խմբի սաներից մի քանիսը կազմում են փոքր խումբ, վերցնում «Ծաղկամոր» տիկնիկը, այցելում են մյուս խմբերը: Երգում են գովքի երգեր, փոխարենը ստանում հյուրասիրություն՝ կոնֆետ, թխվածք, իրենց ձեռքով պատրաստած որևէ ձեռագործ իր:

Համբարձման  ծիսական գործողություն «Վիճակ»

Անհրաժեշտ պարագաներ.

  • «Ծաղկամայր» (ծիսական տիկնիկ),

  • ծաղկեպսակներ,

  • վիճակի սափոր,

  • ծղոտից զամբյուղ` մրգերով և այլ հյուրասիրություններով:

Սաները, ծաղիկները` ձեռքերին, ծաղկեպսակը` գլխին, գալիս են ու շրջանաձև նստում  բացօթյա կանաչ տարածքում: Նրանցից մեկի ձեռքին «Ծաղկամայրն» է, մյուսի ձեռքին` վիճակի սափորը (նախօրոք յուրաքանչյուր երեխա որևէ իր կամ խաղալիք է դնում դրա մեջ), երրորդը՝ «Հարսիկն» է: Նրանք երեքով նստում են մեջտեղում: Ծղոտից զամբյուղը` մրգերով ու այլ հյուրասիրություններով, դրվում է «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխայի մոտ:  Երգում են «Վիճակի երգը»: «Հարսիկը» վիճակի սափորից հանում է որևէ իր: «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխան ծղոտե զամբյուղից որևէ միրգ կամ քաղցրավենիք վերցնելով, տալիս է այդ իրը դրած երեխային: Եթե երգի ընթացքում բոլորը չեն հասցնում հանել վիճակ, նորից են երգում ու շարունակում վիճակ հանելու արարողությունը: Բոլորին վիճակ հանելուց հետո, կանգնում են շրջանաձև և պարում ազգային պար:

Համբարձման ծիսական արարողությունն իրականացնելու համար նախատեսված երգեր

«Կաքավիկ» երգարանից.

Վիճակի երգ – 82 էջ
Հո՜յ, Մայրամ – 55 էջ
Հե՜յ, իմ Նազան – 35 էջ
Այ, արևը – 12 էջ

Երգերի ձայնագրությունը՝ քոլեջի «Երգարան» բաժնում

  Համբարձման խաղ. «Ծաղիկներ,մեղուներ, բզեզներ, թիթեռներ»

Անհրաժեշտ պարագաներ. ճեռեր, կարկաչաներ, զանգակներ, պզզացող մանկական խաղալիքներ:

Երեխաները դառնում են ծաղիկներ, մեղուներ, բզեզներ, թիթեռներ և բաժանվում  4 խմբի: Մեղուները պզզում են, բզեզները` բզզում, ճռռում, թիթեռները` թափահարում թևերը, ծաղիկները` ծափծփում, շրշկում: Ծաղիկները տարածվում են ու կանգնում: Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին զանգակ կա, որը երբեմն — երբեմն զնգացնում են: Զանգի ձայնը լսելով, մեղուները պզզալով գալիս են, մոտենում ծաղկին և պտտվում նրա շուրջ: Ծաղիկը կքանստում է, մեղուն կռանում է նրա գլխի վրա, «նեկտար վերցնում» ու գնում հաջորդ ծաղկի մոտ: Այսպես, հերթով «թռնում» են ծաղիկից ծաղիկ: Բզեզները` բզզալով ու ճռռալով, խաղալով գալիս են ու, բռնելով  ծաղկի ձեռքերից, նրա հետ շրջանաձև պտտվում` տարուբերելով ձեռքերը: Թիթեռները, ծաղիկների կողքով «թռնելով», գտնում են իրար, թևերը թափահարում, հերթով իրար բոլոր պտտվում, կազմում զույգեր, որոնք հերթով միանում են իրար և բռնում փոքրիկ շրջան յուրաքանչյուր ծաղկի շուրջ: Այդ պահին նրանք նմանվում են ծաղկի, որի թերթերը թիթեռներն են, իսկ միջին մասը` ծաղիկը: Խաղի վերջում բոլորը հավաքվում են իրար բոլոր և կազմում ծաղկեփունջ: Խաղը կարելի է խաղալ ազգային թեթև պարային երաժշտության ուղեկցությամբ:

Վիճակի խաղիկներ 

Վիճակը հանելու մանիներ

Տեսեք վիճակն ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտի ուզածըն ինչ ի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն

Սարերով ցորեն կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Արտերով գարի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մեր վիճակը ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Օսկի մատանի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ բարի բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ սիրուն բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  • Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,Հաթայ մինթանի գուզի, գյուլում ջան,Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,Օսկե մատանի գուզի, գյուլում ջան:

(Մանիներն ընդհատվում են բացականչությունով.

  • Հարս, հան վիճակն ի բարին:)

Վիճակի երգ  

Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հե՜յիմ Նազանիմ Նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,|
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հո՜յ Մայրամ 

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Ծաղիկ ունիմ, ալա յա,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Ալա չի, ալվալա յա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Նռան հատիկ, լալա յա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Լուսնակը բոլորել է,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Ամպի մեջ մոլորել է,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամի պարի համար
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Զուռնաչուց խըռովել է,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Ա՜յ, արևը, արևը

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Հենց որ ծագի արևը,
Ա՜յ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Խնձոր ես ծառի վրա,
Ա՜յ, արևը, արևը,
Ծաղիկ ես սարի վրա,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Արև ելավ էն սարեն,
Ա՜յ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարեն,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

 

19.02.2018թ.

Advertisements

Author:

Ես՝ Անահիտ Ղազարյանս ծնվել եմ 1980 թվականի հոկտեմբերի 2-ին: Ավարտել եմ Ք.Երևանի 113 միջնակարգ դպրոցը: 1997-2002թ.սովորել եմ Երևանի«Ֆիրդուսի» համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության և օտար լեզուների ֆակուլտետ: Ամուսնացած եմ: Ունեմ երկու որդի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s