Posted in Դիպլոմային աշխատանք

Դիպլոմային աշխատանք հայ ազգային ծեսեր, տոներ: Դդմատոն

Դդմատոն

Նպատակը՝ Բարեկենդան և Տյարընընդառաջ տոների հետ ծանոթացում, նախապատրաստում դդմատոնին:

DSC01071

Դդմատոնի օրը սկսեցինք«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ղեկավարների հետ միասին՝լավ տրամադրությամբ: Ծանոթացանք ծեսին , ստեղծագործական հմտությունների զարգացմանը ,ինչպես նաև ծիսական երգերի, պարերգերի ուսուցմանը:Այցելեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցի,հանդես եկանք ծիսական երգերով և պարերով:Եկեղեցեու բակում, նույնպես տոնական մթնոլորտ էր տիրում :Շուրջպար բռնած՝   երգում ու պարում էին մարդկանց հոծ բազմությունը,«Մխիթար Սեբաստացի» կրթահահամալիրի տնօրինությունը՝ մեր մասնակցությամբ,ծիսական երգերով և պարերով:Համտես արեցինք  ծիսական  դդումը ՝ ծանոթացանք դդմատոնի զարդարանքներին:

Բարեկենդան 

 

ԲարեկենդանՀայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը: Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն։

Ծագումը 

Բարեկենդան տոնը խոր արմատներ ունի, որոնք ձգվում են դեպի հեթանոսական շրջան։

Տոնի հիմքում ընկած էր բնության զարթոնքը և տարվա սկիզբը։ Հնում մարդիկ հավատացել են, որ միմյանց կենդանություն մաղթելով նրանք աղերսել են վերին ուժերին պաշտպանել իրենց կյանքը չար ուժերի ազդեծությունից։ Տոնը ներառել է նաև բնության իրերի և երևույթների պաշտամունքն արտահայտող ծեսեր ու սովորույթներ։ Բնության զարթոնքի և մահվան պատկերացումներն առնչվել են մահվան և կյանքի, ծննդի և վերազարթոնքի հավերժական փոխանցումներին։ Դրանք մասամբ տեղ են գտել նախնիների պաշտամունքին նվիրված ծիսափնջում։

Խորհուրդը 

Բարեկենդանը ուրախության ու զվարճանքի օր է։ Այն հիշեցնում է Ադամի և Եվայի կյանքը դրախտում՝ վայելքի և անհոգության մեջ, այսինքն՝ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդ կարող էր ճաշակել բոլոր պտուղները, բացի բարու և չարի գիտության ծառերի պտուղներից։

Բարեկենդանը ժողովրդական տոնախմբության, խրախճանքի և ազատության օր է և հավատացյալ ժողովրդին հիշեցնում է նախկին դրախտը, դրախտային երջանկությունն ու զվարթությունը։ Բարեկենդանին մարդիկ պարում են և ուրախանում, արտահայտում իրենց հոգու ուրախությունը։ Դրախտում մարդը միշտ ապրել է Աստծո ներկայությամբ և տեսել, որ Աստված տալիս է իրեն երջանիկ և ուրախ ապրելու հնարավորություն։ Քանի որ մարդու նախահայրերը՝ Ադամն ու Եվան մեղքի պատճառով վտարվեցին դրախտից, ապա մարդը միշտ երանությամբ է հիշում դրախտի կյանքը։ [4]

Բարեկենդանի մեկ այլ խորհուրդն է չարի ու բարու պայքարը։ Այն արտահայտվել է հիմնականում ժողովրդական խաղերում, որոնց ժամանակ անարդարները ծաղրի են ենթարկվել, դատվել և պատժվել։

Սովորույթներ և ավանդույթներ 

Հայերի մեջ Բարեկենդանը ամենասպասված ու ժողովրդական տոներից մեկն էր։ Տոնին պատրաստվում էին ընտանիքի բոլոր անդամները՝ առանց բացառության։ Մարդիկ զվարճանում էին, տրվում խրախճանքին ու պատրաստում ճոխ սեղաններ։ Նախապատվությունը տրվում էր հատկապես մսեղենին, յուղոտ կերակրատեսակներին ու կաթնեղենին։

Տոնական խաշիլը

Բարեկենդանի առաջին օրերին ընդունված էր պատրաստել գաթա ու հալվա։ Երեկոյան ուտում էին կաթնապուր ու մածուն։ Պատրաստում էին նաև փաթիլա, սըռոն և բխբխիկ կոչվող ճաշատեսակները։ Որոշ տեղերում նախապատվությունը տրվում էր ձավարով կամ համեմունքներով լցոնած խորոված ոչխարին։ Պարտադիր ճաշատեսակը խաշիլն էր, որը պատրաստվում էր մեծ քանակությամբ։

Բուն բարեկենդանի օրը ընդունված էր երեկոյան խաշած ձու ուտել՝ այդպիսով փակելով խրախճանքը։

Բերաններս փակում ենք սպիտակ ձվով։
Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու։

Հրապարակներում կազմակերպվում էին տարատեսակ խաղեր, պարեր, թատերական ներկայացումներ և դիմակահանդեսներ։

Բարեկենդանը բացի կերուխումից ու խրախճանքից նաև ազատության օր էր։ Պատահական չէ, որ այդ օրը վանքերում անվանում էին «Աբեղաթող» («աբեղա» և «թողուլ»` թողնել, արձակել բառերից)։ Այսինքն՝ այդ օրը աբեղաներն ազատվում էին վանական խիստ կյանքի օրենքներից։

Բուն Բարեկենդանի նախորդող օրը ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածակվում մինչև քառասունօրյա պասի ավարտը:

Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ։ Ամուսնություններ տեղի չէին ունենում, արգելվում էր մատաղ անել։ [5]

Խաղեր 

Տոնի տարածված խաղերից էր ճլորթին կամ ճոճախաղը։ Այն կազմակերպվում էր բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմերում։ Որանի սայլի ճոպանը կախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոց տախտակ: Գետնից մեկ մետր բարձր այդ տախտակի ծայրին աղջիկ ու տղա էր կանգնում: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծ կորագծով կճոճվեր:

Տարոնում տարածված էր կշռեցուկ խաղը։ Աղջիկն ու տղան նստում էին առաստաղի գերաններից կապված մի երկթաթանի ճոճանակի մեջ և կշռվում ` իմանալու, թե մյուս տարվա Բարեկենդանին «արդյոք իրենց կյանքից անցնող տարին, որ պատված էր ամբողջ հոգսերով, ո՞րքան հալել ու մաշել, ծյուրել ու ցամաքացրել է իրենց անձը»:

Տարածված էին աքլորախռիվը, գոմշակռիվն ու հատկապես «ուղտ խաղացնելը»։

Տարոնում նաև փայտե ձի էին պատրաստում և, զարդարելով այն, խմբով պտտում գյուղի մեջ:

Տիկնիկներ 

Բարեկենդանի անբաժան մասն էին Ուտիս տատը և Պաս պապը կամ Ակլատիզը։ Ուտիս տատը համարվում էր Բարեկենդանի, այսինքն՝ ճոխ կերակուրների հովանավոր տիկնիկը և մտցվում էր հրապարակ՝ մարդկանց խրախճանքի հրավիրելու։ Երեկոյան, երբ խրախճանքը հասնում էր գագաթնակետին, տղաները դուրս էին գալիս ձիարշավի, որն էլ ավարտվում էր Ուտիս տատի հրապարակից դուրս վռնդելու արարողությամբ։ Ուտիս տատը, որը Բարեկենդանի օրերին բոլորին կերուխումի էր հրավիրում, արդեն քրքրված տիկնիկ էր։ Իսկ Բարեկենդանի վերջին օրը՝ Բուն Բարեկենդանին, Ուտիս տատին հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից։

Բարեկենդանի ակլատիզը

Հրապարակ էր մտցվում Պաս պապը կամ Ակլատիզը, որը Պահքի հովանավոր տիկնիկն էր։ Վերջինս պատրաստում էին սոխից կամ կարտոֆիլից և մեջը խրում յոթ փետուր, ապա՝ զգեստավորում։ Այն տանը առաստաղից կախելիս երգում էին՝

Տատը գնաց շերեփը ձեռին,
Պապը եկավ չոմբախն ուսին։

Կարինում Ակլատիզը պատրաստում էին ծերունու տեսքով։ Այն ուներ փարթամ, սպիտակ մորուք և հագուստ՝ պարզած թևերով, որոնցից քարեր էին կախում։ Այն կախելու ժամանակ երեխաները երգում էին.

Ակլատիզ, չվանը վիզ
Եկավ մեզ հյուր` կախվավ երդիս։

Յոթ փետուրները խորհրդանշում էին Մեծ Պահքի 7 շաբաթը։ Յուրաքանչյուր շաբաթվա վերջում պոկում էին մեկ փետուր։ Հաճախ փետուրը պոկելն ուղեկցվում էր հատուկ երգերով։

Շիրակում յուրաքանչյուր փետուրը հանելիս ասում էին.

Ճիճու, ճիճվարանքը` դուրս,
ցորեն, գարին` ներս։

Այս խոսքերից հետո փետուրը ջարդում էին և մի կողմ նետում։

Ակլատիզը կատարում էր Մեծ Պահքը հսկողի դերը։ Դրանով հաճախ վախեցնում էին երեխաներին, որ վերջիններս չգայթակղվեին Ուտիս տատի կերակուրներով։

Լոռեցիների պատկերացմամբ՝ Պաս պապը մեծ շերեփով խփում էր Ուտիս տատի գլխին և դուրս անում տնից այն բանի համար, որ նա երեխաներին յուղալի և մսեղեն կերակուրներ է տալիս։ Իսկ Մեծ Պահքից հետո ուրախ և առույգ տատը գալիս էր ու մածնի յուղոտ շերեփով խփում Պաս պապի գլխին ու դուրս անում նրան տանից։

10.02.2018թ.

 

Advertisements

Author:

Ես՝ Անահիտ Ղազարյանս ծնվել եմ 1980 թվականի հոկտեմբերի 2-ին: Ավարտել եմ Ք.Երևանի 113 միջնակարգ դպրոցը: 1997-2002թ.սովորել եմ Երևանի«Ֆիրդուսի» համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության և օտար լեզուների ֆակուլտետ: Ամուսնացած եմ: Ունեմ երկու որդի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s