Posted in Խոսքի զարգացում

 ՍՆՆԴԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հեշտ գործ չէ երեխաներին ճիշտ սնվել սովորեցնելը, այն պահանջում է համբերություն, ինքնատիրապետում, որոշ չափով նաև երևակայություն: Եվ այս խնդիրը ծնողները չեն կարող հաղթահարել առանց շրջապատող մարդկանց աջակցության։ Ճապոնիայում սննդի հարցերում երեխաներին լուսավորելու պատասխանատվությունը միայն ընտանիքի վրա չի դրվում։ Բոլոր կրթական հաստատությունները նույն ուսումնական ծրագրով են առաջնորդվում, այդ պատճառով էլ երեխանների մեծ մասը միանման «սննդային դաստիարակություն» են ստանում։ Օրինակ, մեր երեխաները մանկապարտեզում օգնում էին մշակել տանիքում գտնվող այգին։ Առաջին դասարանում տնկում և աճեցնում էին սմբուկ, լոլիկ, վարունգ: Երրորդ դասարանում ճապոներենի դասերին մի քանի շաբաթ սոյայի հատկություներն էին ուսումնասիրում։ Արդյունքում, երբ մեր երեխաները փոխադրվեցին չորրորդ դասարան, ընտանիքի յուրաքանչյուր անդամ արդեն գիտեր, թե ինչպես է սոյան դառնում սոուս, միսո-ապուր և տոֆու:Տարրական դպրոցի վերջին դասարաններում երեխաներին սովորեցնում են կերակուր պատրաստել: Ես առիթ եմ ունեցել ներկա լինելու այդ դասաժամերից մեկին: Երեխաները, գոգնոցներով և գլխաշորերով, բաժանվել էին չորս-հինգ հոգանոց խմբերի։ Յուրաքանչյուր խմբի սեղանին կար փոքրիկ գազօջախ, երկու խոհարարական դանակ, հում բանջարեղեն, ձու և տարբեր չափսերի մի քանի աման: Աշակերտներին հանձնարարված էր եփել ձուն և պատրաստել բանջարեղենով աղցան՝ համեմունքով: Ուսուցչի կարճ հրահանգներից հետո երեխաները գործի անցան: Իսկույն աշխատանքը բաժանեցին իրար միջև. մեկը լվանում և կտրատում էր բանջարեղենը, մյուսը հետևում էր եփվող ձվերին, հաջորդը լվանում էր ափսեները: Աշակերտներն աշխույժ զրուցում էին՝ չշեղվելով աշխատանքից, ակնհայտորեն մեծ բավականություն ստանալով իրենց արածից: Նախկինում ես զարմանում էի, որ ճապոնացի դպրոցականների համար տնարարությունը երկրորդ սիրելի առարկան էր ֆիզկուլտուրայից հետո: Իսկ այժմ ինձ հասկանալի է դրա պատճառը:Ուսումնական օրը, ինչպես նաև ուսւմնական տարին, ճապոնիայում ավելի երկար է քան ԱՄՆ-ում: Յուրաքանչյուր երկրորդ շաբաթ օրը երեխաները դասեր են անում:Բացի այդ, ակադեմիական ժամերը նրանց մոտ ավելի քիչ են: Դպրոցական երկար օրը արտադասարանական պարապմունքների հնարավորություն է տալիս։ Տարբեր խմբակներում աշակերտները ոչ միայն երաժշտությամբ և սպորտով են զբաղվում, այլ նաև սովորում են կերակուր պատրաստել, կար ու ձև, նույնիսկ լվացք անել։ Արդյունքում ծնողները կարիք չունեն հատուկ ջանքեր գործադրել երեխաներին ճիշտ սնելու համար։ 2012 թ. կանադացի 5-րդ դասարանցիների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ այն երեխաները, որոնք հաճախ են օգնում ծնողներին խոհանոցում, ավելի շատ բանջարեղեն և մրգեր են ուտում և հիմնականում ավելի լավ են հասկանում, թե որ սնունդն է օրգանիզմի համար առողջարար: Այդուհանդերձ, Ճապոնիայում «սննդային դաստիարակության» ամենակարևոր մասը տարրական դպրոցի նախաճաշն է։ Իրականում սա ամենաիսկական դաս է՝ հաստատված ուսումնական ծրագրով: Երեխաները սովորում են, թե որտեղ և ինչպես են պատրաստում ուտելիքները, սովորում են հաճույքով ուտել և հյուրասիրել ուրիշներին: Ամեն շաբաթ դասարանից մի քանի մարդ հերթապահում է ճաշարանում:Հատուկ խալաթներ հագնելով և գլխարկներ ու դիմակներ դնելով նրանք ափսեների մեջ լցնում են բրինձ, ապուր, բանջարեղեն և նախուտեստներ: Նախաճաշի ժամանակ կարելի է հանգստանալ, համեղ մի բան ուտել և բավականություն ստանալ միմյանց հետ շփումից: Վեցերորդ դասարանցիներն ամեն օր ժամանցային ծրագիր են վարում դպրոցական ռադիով. Յուրաքանչյուր դասարանում պատին կախված բարձրախոսներից հնչում են կատակներ, երգ և երաժշտություն: Նախաճաշից հետո աշակերտները կարգի են բերում ճաշարանը, տարբեր տոպրակների մեջ են հավաքում կաթի դատարկ տուփերը, ձողիկներն ու ուտելու փայտիկները, մաքրում են սեղաներն ու հատակը, սննդամթերքի սայլակները տանում են խոհանոց, որից հետո վազում են խաղալու:Մի անգամ զրուցում էի դպրոցի սննդաբանի և բուժքրոջ հետ, երբ եկավ նախաճաշի համար նախատեսված սննդամթերքով բեռնատարը: Դպրոցի սննդաբան տիկին Յոսիդան յուրաքանչյուր ամիս ճաշացանկ է կազմում նախաճաշի համար՝ հաշվի առնելով տարվա եղանակը։ Այդ օրը նախատեսված էր ամառային բանջարեղենով քարի, ապուր և թխվածքաբլիթ: Տիկին Յոսիդան սովորաբար ճաշացանկում հավելում էր նաև տարբեր ազգային խոհանոցների տարրեր. կորեական տապակած բրինձ, իտալական սպագետի, հնդկական քարի, բայց հիմնական շեշտը դնում էր ճապոնական ուտեստների վրա: Շաբաթական երեք անգամ դպրոցում խաշած բրինձ են մատուցում, և որպեսզի այն երեխաներին չձանձրացնի, ստիպված են լինում գործի դնել երևակայությունը:

Տիկին Յոսիդան բուժքրոջ հետ միասին ջանում է բացատրել աշակերտներին, որ սնունդը օգնում է մեծանալ և ամրապնդվել: «Տարրական դպրոցում են ձևավորվում երեխաների առողջ սովորույթները ամբողջ կյանքի համար»,- ասում է դպրոցի բուժքույր տիկին Նոդան: Առաջին հարկի մեծ պատուհաններից աշակերտները տեսնում են, թե ինչպես են երեք խոհարար մաքրում և կտրատում այն ամենը, ինչը նախաճաշ պիտի դառնա հարյուրավոր աշակերտների և ուսուցիչների համար։ Տեսարանը տպավորիչ է. «Չեմ կարողանում հավատալ,- հիացմունքով պատմում է որդիս՝ Բենջամինը,- որ ընդամենը երեք մարդ կարողանում են ամեն օր նախաճաշ պատրաստել ամբողջ դպրոցի համար»:

Տղայիս հետ զրույցից հետո հետաքրքրությունս շարժվեց, և ես գնացի տեսնելու խոհարարներին։ Այնտեղ այսպիսի մի տեսարանի ականատես եղա. սեղանին քարի եփելու համար մաքրած սմբուկների սար էր, գազօջախին՝ ձկան արգանակ, խոհարարներից մեկը ձեռքով հարում էր ձվի սպիտակուցները թխվածքաբլիթների խմորի համար, որը շուտով տաք ջեռոցն էր մտնելու:

Քանի որ ճապոնացիների կարծիքով սննդի լայն ընտրությունը միայն խանգարում է երեխաներին հասկանալ, թե ինչպես ճիշտ սնվեն, ուստի որոշումն ընդունում է սննդաբանը։ Մեր որդիներն արագ ընտելացան դրան։ Նրանք բոլորի նման փորձում էին այն, ինչ մատուցում էին նախաճաշին։ «Սկզբում մտածում ես՝ թո՛ւ, էս ինչ զզվելի բան է՝ սոյայի հատիկներ ձկան շերտերով,- հիշում է Դանիելը,- իսկ հետո փորձում ես և հասկանում ես, որ համեղ է»: Երեխաները կարող են լրացուցիչ բաժին վերցնել, եթե խոհանոցում ուտելիք մնացել է, բայց մի պայմանով, որ դրանից առաջ փորձել են բոլոր ուտեստները։ Երբեմն հավելյալ բաժին բոլորին չէր հերիքում, այդ դեպքում այն խաղարկում էին «քար-մկրատ-թուղթ» («չինգաչունգ») խաղալով։ Իսկ եթե խաղարկվող ուտելիքը բոլորի համար սիրելի էր, իրավիճակը սպառնում էր դուրս գալ վերահսկողությունից։

Երբ ընտրության բացակայությունը նորմա է, ընտրելու հնարավորությունը իսկական իրադարձություն է դառնում։ Օրինակ, դպրոցականերն իրավունք ունեին ընտրելու, թե ինչ պաղպաղակ են ուզում ուտել ամառային արձակուրդներին նախորդող վերջին օրը: Նրանք պետք է կողմնորոշվեին մեկ ամիս առաջ. խնձորի, նարնջի, թե՞ արքայախնձորի պաղպաղակ են ուզում։ Բոլորը բուռն քննարկում էին տարբերակները, իսկ հետո անհամբերությամբ սպասում էին բաղձալի օրվան: Սովորական աղանդեր ուտելն այսպիսով զարմանալի տոնի էր վերածվում:

Թարգմանությունը՝ Անահիտ Ղազարյանի:

Խմբագիր՝ Գայանե Թերզյան:

 

 

 

Advertisements

Author:

Ես՝ Անահիտ Ղազարյանս ծնվել եմ 1980 թվականի հոկտեմբերի 2-ին: Ավարտել եմ Ք.Երևանի 113 միջնակարգ դպրոցը: 1997-2002թ.սովորել եմ Երևանի«Ֆիրդուսի» համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության և օտար լեզուների ֆակուլտետ: Ամուսնացած եմ: Ունեմ երկու որդի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s